Ընդհանուր առմամբ, դեմոկրատիան հասարակության կառավարման մի պարադիգմից անցում է կառավարելիության շատ ավելի բարձր մակարդակ ունեցող նոր պարադիգմի, որն ուղղված էր մեկ նպատակի՝ փողատերերի կողմից հասարակության կառավարման լծակները վերցնել իշխանության հին տերերից և այն դարձնել ավելի կառավարելի։
Հասարակության ավելի բարձր կառավարելիությամբ նոր պարադիգմն էլ խարսխված էր իշխանության կազմավորման և իշխանափոխության նոր մեխանիզմի վրա, որի առանցքն էլ ժամանակավոր իշխանության մրցակցային ընտրություններն էին՝ հիմնված բազմակուսակցականության գաղափարի վրա։
Փողի ու կապիտալի նոր տերերը սկզբունքային բնույթի բախման մեջ էին մտել կայսրերով, թագավորներով ու արիստոկրատիայով կառավարվող հին աշխարհակարգի հետ, քանի որ վերջինս խանգարում էր կապիտալի աճին։
Եվ հնի ու նորի այս պայքարում կապիտալի բնական դաշնակիցը դարձավ հասարակ ժողովուրդը՝ հետևյալ պատճառներով։
Մարդկության պատմությունը մարդկային աշխատանքի էֆեկտիվության և արտադրողականության աճի պատմություն է, քանի որ մարդկային աշխատանքն է հարստության և իշխանության հիմքը, դեպի որոնց ձգտումն է եղել նույն պատմության շարժիչ ուժը։
Դրանից բացի, կապիտալն ու փողը հասարակության մեջ ազդեցիկություն ապահովող միջոցներ են, որոնք հզորանալով՝ հավակնում են նաև իշխանության կամ էլ իշխանության վերահսկողության, որն էլ նույն իշխանությունն է՝ առանց բազմաթիվ գլխացավանքների ու պատասխանատվության։
Այդ իսկ պատճառով էլ նոր գլոբալ ուժ դարձող կապիտալին պետք էր ավելի արտադրողական ժողովուրդ, որը նաև դաշնակից կլիներ իշխանության վերահսկողության գործում։
Իսկ ժողովրդի արտադրողականության բարձրացման միջոցները նրան չափավորված ազատություն ու իրավունք տալն է՝ նեղ մասնագիտական կրթության հետ միասին։
Իշխանության վերահսկողության գործում ժողովրդին էֆեկտիվորեն օգտագործելու համար էլ հայտնագործվեց դեմոկրատիա գաղափարը՝ իր մի քանի շատ կարևոր հետևյալ ատրիբուտներով, որոնք կարող էին կառավարել և իշխանափոխության պրոցեսը, և իշխանության ընթացիկ գործունեությունը։
1․ Իշխանափոխություն ընտրությունների միջոցով, որը հնարավորություն էր տալիս ընտրացուցակում շատ մեծ հավանականությամբ ունենալ միայն կապիտալին ձեռնտու անձինք, որոնցից որն էլ իշխանություն դառնար՝ արդյունքը կլիներ նույնը։
2․ Մյուս կողմից էլ, ընտրություն կոչեցյալը ժողովրդի մոտ պատրանք կստեղծեր, որ ինքը ընտրեց իշխանությանը, ինչը ձեռնտու էր մարդկանց հնարավոր դժգոհությունները կառավարելու տեսանկյունից։
3․ Ընտրացուցակի ձևավորում բազմակուսակցական ճանապարհով, որը ընձեռում էր ապագա իշխանության ձևավորման կառավարելիություն՝ կուսակցությունների ֆինանսավորման ճանապարհով։
4․ Իշխանության ժամանակավոր բնույթը և վերընտրվելու վրա դրվող սահմանափակումները, իմպիչմենթի հետ միասին, որոնք լրացուցիչ միջոցներ էին իշխանության և ժողովրդի կառավարելիությունը մեծացնելու ուղղությամբ։
5․ Իսկ մեր ժամանակներում էլ դեմոկրատական կարգի արտահանումը ձեռնտու է այլ երկրների կառավարելիությունը հասանելի դարձնելու համար։
Պավել Բարսեղյան